Շիրվանզադե Ալեքսանդր՝ Արսեն Դիմաքյան | |
Ծերունին յուր Անդրեյին հրամայեց կանչել «մեծամիտ» տիկնոջը: Գայանեն իսկույն եկավ: Նա հասկացավ, ինչու համար են իրան կանչում, և արդեն գիտեր, թե ինչ պետք է պատասխանի: Որքան ծերունին հորդորեց, որքան խրատեց, վերջապես, սպառնաց, տիկինը միայն արտասանեց.
— Ես կեղծել չեմ կարող:
— Ի՞նչ ասել է կեղծել, — գոչեց ծերունին խռպոտ ձայնով:
— Մեզ, ինձ և ուրիշներին խաբել: Այսօր կհաշտվեմ, վաղը ձեր որդին էլի յուր ուզածը կանի: Եթե չանի էլ, էլի չեմ կարող հաշտվել:
— Իսակ, — դարձավ հայրը որդուն, — մորդ գերեզմանով երդվիր, որ կնոջդ հավատարիմ կմնաս այսուհեաև, ժի՜վո...
Դա միակ սրբությունն էր, որ Բարաթյանը անխախտ պահպանում էր յուր սրտի խորքում: Երդվել մոր գերեզմանով — կնշանակե, ինչպես և չինի, անպատճառ կատարել այդ երդումը: Բայց նա շատ լավ զգում էր, որ չի կարող այդ անել և վաղ թե ուշ պետք է յուր երդումը քանդի: Ուրեմն ինչո՞ւ սրբապղծություն գործեր մոր հիշատակի դեմ, մանավանդ որ նա մտքում դրել է միայն առերես հաշտվել Գայանեի հետ, արդեն ինքն էլ ձանձրացած լինելով նրանից: Կամենալով մի կերպ խույս տալ ծանր երդումից, նա ասաց.
— Ես ազնիվ խոսք եմ տալիս:
— Նու, շտո՞ժ, — դարձավ ծերունին Գայանեին, — ազնիվ խոսք է տալիս:
Տիկինը ուսերը թեթև կերպով վեր քաշեց, երեսը մի կողմ դարձնելով:
Նա չգիտեր որի վրա ավելի զարմանար, որդո՞ւ, որ այդպես հանդգնաբար ուզում էր նորից խաբել նրան, թե՞ հոր, որ կարծես խրախուսում էր նրա անառակությունը:
Վերջին անգամ Գայանեն դրականապ\ես մերժեց ծերունու խնդիրը:
— Ուրեմն ի՞նչ ես ուզում անել, — գոչեց անդամալույծը արդեն բարկացած–չլինի՞ թե մտքումդ դրել ես բաժանվել: Իհարկե, այդ էլ մոդա է, կարող է խելքիդ փչել:
Հետո, մի քիչ իրան զսպելով, նա առաջ բերեց այն բոլոր վատ պայմանները, որոնցով շրջապատված է մարդուց բաժանված կինը: Նա ապացուցեց, որ հազար անգամ լավ է ապրվել ոչ միայն Իսակ Բարաթովի պես մի «շատ սովորական» ամուսնու, այլ նույնիսկ ամենաանառակ մարդու հետ, ինչպես օրինական կին, կրել ամեն տեսակ տանջանքներ, քան թե բաժանվել: Խոմ, երիտասարդ կինը առանց տղամարդի չի կարող մնալ, այդ աներևակայելի է, «նեվոզմոժնո, նեեստէստվեննո»:
Նա խոսում էր իրան հատուկ ազատ, նույնիսկ անհամեստ ոճով: Եվ այս անգամ որդին չէր ընդհատում նրա խոսքը: Նա ինքը համաձայն էր հոր մտքերին և ուրախ էր, որ յուր մտածածը նա է ասում:
Գայանեն լուռ նստած էր, աջ ձեռքով աչքերը ծածկած և ձախ ձեռը թույլ կերպով ծնկի վրա դրած: Ծերունու խոսքերի մեջ նա զգում էր մի ճշմարտություն, այն է, որ ինքը ոչ մի պաշտպան չունե: Այն օրից, երբ Բարաթյանի տնից ոտը դուրս կդնի, նրա անունը հարյուր տեսակ վատաբանությունների առարկա պետք է դառնա: Այդ նա շատ լավ գիտե: Բայց մի՞թե հենց դրա համար մնալ և շարունակել այդ դժոխային կյանքը արդեն քստմնելի դարձած մի մարդու հետ, որի շնչառությունն անգամ թունավորում է նրա օդը:
Նրա աչքի առջև, ինչպես կենդանի սպառնալիք, կանգնած էին երեխաները: Ահա բնական անխորտակելի կապը, որի առջև փշրտվում են բոլոր բարոյական ուժերը: Բայց արդյոք նրանք բախտավո՞ր են, սնվելով և կրթվելով անվերջ երկպառակությունների ազդեցության տակ: Եթե նա երբեք չի կարող հաշտվել նրանց հոր հետ, եթե նրա սրտում արմատացած բուռն զզվանքը հավիտյան պետք է մնա այնտեղ, չէ՞ որ այդ փոքրիկները, որ օր օրի վրա հասունանում են, պետք է, վերջապես, տեսնեն, զգան և հասկանան սոսկալի եղելությունը: Այն ժամանակ միթե նրանց զգայուն սրտերը չե՞ն փչանալ, նրանց դյուրաթեք հոգիները չե՞ն աղավաղվի: Ավելի լավ չէ՞, քանի որ նրանք փոքրիկ են, քանի որ ոչինչ չեն հասկանում, վաղօրոք, մի հարվածով վերջ տալ խճճված հանգույցին: «Ոչ, ծերունի, ոչ, զուր ես ինձ համոզում, դու սխալվում ես, հերիք է ինչ որ ես քաշեցի քո որդուց: Այժմ չեմ կարող և չեմ ուզում էլի խաբվել, էլի տանջվել»:
Մինչ այս բոլորը վայրկենաբար անցավ Գայանեի մտքով, ծերունին, յուր խոսքը ավարտած, սպասում էր պատասխանի: Իսկ որդին տխուր դեմքով կանգնած, գլուխը մի քիչ դեպի ուսը թեքած, հեզությամբ նայում էր նրան: Տե՜ս, ծերունի, տե՜ս, ինչքան նա ներողամիտ է, բարի, համբերող և ինչքան, ընդհակառակը, նրա կինը խստասիրտ է, կամակոր, անհաշտ: Միթե դու հենց այս պատճառով նրան կզրկես ժառանգությունից:
— Շտո՞ժ, շա՞տ պետք է սպասենք ձերդ գերազանցության րեգոլյուցիային:
Գայանեն ձեռը հեռացրեց երեսից, ոտի կանգնեց և պատասխանեց.
— Երբե ք չեմ հաշտվիլ:
Ծերունու կիսախուփ աչքները կատաղությունից մի վայրկյան լայն բացվեցին: Նա գոռաց:
— Ուրեմն, կորի՜ր, անա...
— Պա՜պա, — ընդհատվեց որդին խիստ ձայնով:
— Յա, բրատ, այժմ հասկանում եմ ամեն բան: Բրոս, էտո ֆուրիա, թող գնա, ուր որ ուզում է...
— Աստծու տաճարի առաջ երդվել եմ մինչև մահ իմ կնոջ հետ ապրել, — ասաց Իսակը հանդարտ ձայնով, որի կեղծ հնչյունը միայն Գայանեի համար կարող էր զգալի լինել, — և պատրաստ եմ ապրել:
Հետո նա դարձավ կնոջը և ավելացրեց.
— Իսկ եթե ձեզ, տիկին, այնքան զզվացրել եմ, որ իմ բաթսիրտ հոր աղաչանքն էլ չեք հարգում, ես մեղավոր չեմ... բարի ճանապարհ:
— Դա-սս, բարի ճանապարհ, — կրկնեց ծերունին, — Երեխաները կմնան մեզ մոտ: Կարող եմ ասել մադամ, որ նրանք վովսյակոմ սլուչայե, Բարաթովների տանը լավ կկրթվեն: Մենք շատ պակասություններ ունինք, բայց ոչ հիմար ենք, ոչ էլ անկիրթ:
Գայանեն սարսափած նայեց նախ որդուն, ապա հորը: Նա այնպես զգաց, թե ընկել է երկու անխիղճ դահիճներրի ձեռքը, որոնք բութ դանակով կտրում են նրա սրտի ամենազգայուն կտորը: Բայց նա գիտեր, որ այդպես էլ պետք է լինի, որ Բարաթյանները երբեք չեն համաձայնվել երեխաներին իրան տալ: Նա գունատ էր ինչպես կտավ և միայն աչքերի մեջ վառվում էր մի տարօրինակ կրակ: Դա մայրական կատաղի սիրո փայլն էր:
Մեկը դրսից կամացուկ երեք անգամ զարկեց դռներին: Գայանեն սթափվեց, խելքր գլուխը ժողվեց և, մի քանի վայրկյան իրան իշխելով, գոչեց.
— Ոչ, դուք մինչև անգամ այդ սպառնալիքով չեք կարող ինձ փոխվել:
Բարաթյանը դռները բաց արեց, երևաց Վեքիլյանի կերպարանքը:
— Ա՜ խ, ներեցեք, որ այսպես անժամանակ եկա, — ասաց իրավաբանը մշտական ժպիտի փոխանակ մի շինովի տրտմություն երեսին. — ես եկել եմ մի ցավալի լուր հաղորդելու:
Եվ, դառնալով Գայանեին, ավելացրեց.
— Պյոտր Սոլոմոնիչը մեռնում է և ուզում է ձեզ վերջին անգամ տեսնել:
Լուրը սարսափեցրեց Գերասիմ Գերասիմիչին: Կարծես, դա սեփական մահվան նախերգանքն էր:
— Խեդճ Պետրոս, — գոչեց նա հուզված, — ինչո՞ւ այդպես շուտ, խեղճ Պետրոս...
Նա ոչինչ տեղեկություն չուներ Պյոտր Սոլոմովիչի ընտանեկան դժբախտության մասին, թեև լսել էր նրա կաթվածահար լինելը:
Մի վայրկյան Գայանեն տատանվեց, գնա՞լ արդյոք, հանդիպել Աննային նույնիսկ յուր տան մեջ: Բայց նա այնքան հարգում էր և սիրում էր յուր քեռիին, որ չգնալ չէր կարող:
Առանց ուշացնելու նա հագնվեց և իսկույն ուղևորվեց դեպի այն տունը, ուր վաղուց ոտք չէր դրել: Վեքիլյանի հետ կառքում նստած, նա ամբողջ ճանապարհը մի բառ անգամ չարտասանեց: Նա դեռ տեղի ունեցած տեսարանի թարմ տպավորության տակ էր: Ներկան նրա համար որոշվեց, քանդվեց այն փտած կապը, որ մինչև այժմ առերես պահում էր նրան նախկին դրության մեջ: Իսկ ապագան ներկայացնում է անորոշ խառնուրդ, անթափանցելի քաոս: Մերթ նրան թվում էր, որ յուր արածը անհաշիվ, լավ չմտածված, գուցե վտանգավոր քայլ է, մերթ նա աշխատում էր համոզել ինքն իրան, որ ընդհակառակը դա շատ հասարակ, շատ սովորական բան է: — Մի բան, որ ուրիշները անում են առանց տանջվելու, առանց հասարակական կարծիքի վրա ուշադրություն դարձնելու:
Նա այնքան կլանված էր յուր մտքերով, որ ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր լսում: Նա չէր նկատում յուր ծանոթներին, որ աջ ու ձախից բարևելով անցնում Էին: Մի վայրկյան միայն նա, կարծես, մի տեսակ մոխրագույն գոլորշիի մեջ նշմարեց մի շատ ծանոթ կերպարանք, որ կանգնած էր մի փողոցի անկյունում և մռայլ հայացքով ուղեկցում էր նրան: Նա կրկին նայեց այն կողմ և ակամա մի ցնցում զգաց: Դա Դիմաքսյանն էր: Սիրո՞ւմ է նա արդյոք այդ ամենքից հալածված մարդուն, որ նրա աչքում այժմ ամենքից խելոք է, ամենքից ազնիվ, ամենքից մաքուր և բարձր: Այո՜ , սիրում է: Ոչ, ոչ դա այն սերը չէ, որ կնոջը մոռացնել է տալիս ամեն բան, և հասարակական նախապաշարմունքներ, և բամբասանք, և շատ անգամ նույնիսկ զավակներին: Դա մինչև անգամ սեր չէ, այլ սիրո պատվանդանին հասնող, նրա պես պայծառ, նրանից մեղմ, բայց ավելի հուսալի և հարատև մի զգացում է, — հարգանք և երկրպագություն համոզմունքների գերի և վսեմ ձգտումների տեր մի մարդու առջև...
Դիմաքսյանն ուղեկցեց աչքերով Գայանեին, մինչև որ կառքը բոլորովին անհետացավ փողոցի ծայրում: Հետո երկար ժամանակ մնաց միևնույն տեղը անշարժ: Հիշեց այն օրը, երբ Գայանեն ուրախ ու զվարթ դեմքով կարեթի մեջ նստած՝ սլանում էր Բարաթյանի հետ դեպի երկաթուղու կայարանը: Հիշեց բոլոր յուր տառապանքները, որ կրել էր մինչև այդ օրը և այնուհետև: Համեմատեց այն ժամանակվա Գայանեին այժմյանի հետ: Որքա՛ն փոփոխություն: Այն դեմքը, որի յուրաքանչյուր գիծը այն ժամանակ արտահայտում էր անհուն երջանկություն, այժմ ինչպե՜ս սքողվել էր դառն տխրությունով: Բայց այդ տխրությանը այժմ բոլորովին ուրիշ ազդեցություն գործեց նրա վրա: Բնազգմամբ զգաց, որ անկասկած մի արտաքո կարգի բան է պատահել Գայանեին: «Միթե արդեն բաժանվե՞լ է ամուսնուց», մտածեց Դիմաքսյանը մարգարեաբար, և մի ինչ-որ անբացատրելի վայրկենական ուրախություն համակեց նրա սիրտը:
VII
Երբ Գայանեն մտավ Պյոտր Սոլոմոնիչի սենյակը, այնտեղ տիրում էր այն խորին սրբազան լռությունը, որ մահվան ներկայությունն է զգալ տալիս: Լուսամուտների ծանր վարագույրները ցած էին իջեցրած, սենյակը կիսով չափ մութն էր: Երեխաներին նոր հեռացրել էին ծերունու մոտից: Չէր երևում նույնպես և տիկին Բախտամյանը: Միայն Օվսաննան էր նստած հիվանդի գլխի մոտ, աչքերը արտասուքով թաց: Ավելի մոտիկ նստած էր բժիշկը, հիվանդի բազուկը բռնած:
Քայլերի ձայն լսելով, Պյոտր Սոլոմոնիչը ծանրությամբ աչքերը բաց արեց և ձեռը թույլ կերպով շարժեց: Գայանեն թեքվեց, համբուրեց այդ ձեռը, թույլ տալով, որ ծերունին յուր պշկած, պաղ շրթունքները հպի նրա ճակատին: Նա նստեց մահճակալի մոտ, թաշկինակը սեղմվելով աչքերին և աշխատելով զսպել արտասուքը, որ խեղդում էր նրա կոկորդը: Տառապյալ ծերունին նրա սիրտն էր մորմոքում: «Խեղճ մարդ, դու քո սխալանքի զոհ դարձրիր թե քեզ, թե քո պատիվը և թե ինձ...»:
Նա ուժ չունեցավ իրան զսպելու, սկսեց հեկեկալ, փաթաթվելով Օվսաննային, որ յուր քրոջը տեսնելու վայրկյանից արդեն հեկեկում էր:
Հիվանդը Վեքիլյանին նշան արեց: Իրավաբանը հանեց նրա բարձի տակից կտակագիրը և կարդաց այն հատվածը, որ վերաբերվում էր Գայանեին: Ծերունին աչքները սևեռել էր յուր քեռորդու երեսին և շրթունքների մեղմիկ շարժումով արտահայտում էր յուր սրտի գոհունակությունը: Նա խոսելու ընդունակությունը կես ժամ էր կորցրել էր:
— Օ՛օ, ես սրբությամբ կկատարվեմ ձեր կամքը, — գոչեց Գայանեն բարձր ձայնով, որ հիվանդի թմրած լմելիքին հասնի և նրա պաղ ձեռը նորից ամուր սեղմեց յուր շրթունքներին, — ես իմ անձը կզոհեմ այդ նպատակին, բարեսի՛՛րտ, թանկագի՛ն քեռի...»
Ծերունու հողագույն դեմքով անցավ շնորհակալության պարզ ցոլմունքը:
Գայանեն մնաց մեռնողի մոտ մինչև վերջին վայրկյան. ծերունու վերջին հայացքը սառավ նրա վրա, դրոշմելով նրա փափկացած սրտի վրա մի նոր, անջնջելի վիշտ:
Նույն րոպեին պատկառելի քաղաքացու մահը, բերանից– բերան անցնելով, տարածվեց համարյա ամբողջ քաղաքում: Իսկ հետևյալ օրը նրա կտակի բովանդակությունը հայտնի եղավ ամբողջ հասարակությանը: Օրվա հերոսները Ամբակում Աֆանասևիչը և Վեքիլյանն էին: Իրավարանը, ոչ առանց պարծանքի, հաղորդում էր յուր բարեկամներին կտակի բոլոր մանրամասնությունները: Նա շատ ջանք է արել ծերունուն դեպի բարեգործություն թեքելու, և նրա ջանքը պսակվեց հաջողությամբ: Այո , եթե նա չլիներ, Էջմիածնի ճեմարանը և ներսեսյան դպրոցը իսկի գրոշ կստանայի՞ն:
Եվ այսպես նա անխնա խլում էր հանգուցյալ Պյոտր Սոլոմոնիչի փառքի պսակի տերևները, բոլորը յուր անձնական ազդեցությանը վերագրելով, մի չնչին մաս էլ հատկացնելով Ամբակում Աֆանասևիչին: Հապա՛, ահա ինչ կարելի է անել համբերությամբ, զգուշությամբ և խոհեմությամբ: Թող այժմ «խելագարը» կամ խելագարները ինչքան ուզում են հարձակվեն նրա վրա:
Նա իսկույն այցելեց մի բարեկամ խմբագրի: Եվ ծերունու թաղման օրը հրատարակվեց հանգուցյալի հիշատակին մի հոդված, ուր «ճշմարիտ ազգասերների ազդեցությունը» գովաբանված էր ճարտասանական ծաղկազարդ ոճով, «Կան մարդիկ, — ասված էր այդ հոդվածում, — իրանց հարազատ հորը գերեզման են ուղարկում վատ վարվողությամբ, որ նրանց փողերը վատնեն իրանց խղճալի անձի վրա: Այդպիսիներից պետք է զզվանքով երես դարձնել: Բայց կան այնպիսի բուն ազգասեր երիտասարդներ, որ ամեն մի մեռնող ազգականի մոտ դառն վշտերի մեջ էլ իրանց եկեղեցու ու ազգի կարիքն են հոգում: Փառք և պատի՜վ այդպիսիներին...»:
Կային և այնպիսի մարդիկ, որ միմյանց ականջին շշնջում էին այն փոքրիկ գումարի մասին, որ «բուն ազգասերները» շպրտել էին պանեգիրիսա խմբագրին: — Մի չնչին մասն այն հազարներից, որ կտակակատարները «արտաքո կտակի» կորզել էին հանգուցյալից:
Գայանեն յուր քեռիի տանը մնաց հինգ օր, ամեն կերպ աշխատելով երես առ երես չհանդիպել տիկին Բախտամյանին: Հանգուցյալի թաղումից հետո երեկոյան դարձյալ Օվսաննայի հետ երկար խորհրդակցություն ունեցավ քեռիի սենյակում: Այնտեղ էր նաև օրիորդ Կարինյանը:
Հետևյալ օրը առավոտյան Օվսաննան մտավ Աննայի սենյակը, ուր այրիացած տիկինը փակված էր ամբողջ օրը: Նա երկու խոսքով հայտնեց, թե Պյոտր Սոլոմոնիչի մահից հետո ինքը այլևս չի կարող ապրել նրա տանը:
Օրիորդի այս անսպասելի վճիռը տիկին Բախտամյանը վերագրեց Գայանեի ազդեցությանը: Պյոտր Սոլոմոնիչի կտակում մանրամասն բացատրված էր Օվսաննայի հայրական ժառանգության գործը: Այն անշարժ կալվածքը, որ պատկանում էր նրան և Գայանեին, կես մասով հատկացրած էր օրիորդին, որ պետք է տիրեր նրան երկու ու կես տարուց ետ:
— Ինչպես ուզում եք, այնպես արեք, — արտասանեց տիկին Բախտամյանը սաստիկ վրդովված:
Նա իսկապես հոգով ուրախ էր Օվսաննայի հեռանալուն, բայց վրդովվեց, որովհետև օրիորդի նյութական անկախ դրությունը նրա նախանձը շարժեց: Մի արհամարհական հայացքով չափելով օրիորդին ոտից մինչև գլուխ, ավելացրեց.
— Ամոթ չլինի հարցնելը, որտե՞ղ եք ուզում գնալ...
— Օրիորդ Կարինյանի մոտ:
— Օհո՛, լավ տեղ եք գնում: Նա ազատություն սիրող, դուք էլ…Է՜հ, տերը ձեզ հետ: Բայց ես զարմանում եմ, ինչու ձեր քրոջ մոտ չեք գնում:
Այստեղ Օվսաննան հուզված հաղորդեց Գայանեի որոշումը. նրանք այսուհետև երկու քույր պետք է բնակվեն օրիորդ Կարինյանի մոտ:
— Ի՞նչ, ուրեմն քույրդ մարդուց բաժանվո՞ւմ է, — գոչեց Բախտամյանը, մի տեսակ ուրախություն զգալով:
Օվսաննան գլխով անորոշ շարժում արեց: Տիկինը անսպասելի աշխույժ ստացած ոտքի կանգնեց և սկսեց արագ-արագ անցուդարձ անել սենյակում: Նա փորձեց Օվսաննայից գործի մանրամասնությունները իմանալու: Բայց օրիորդը համառությամբ պնդում էր, թե ինքը ավելի ոչինչ չգիտե և չի կարող ասել:
Նույն օրը երեկոյան Գայանեն Օվսաննայի հետ տեղափոխվեց օրիորդ Կարինյանի մոտ: Վերջին ժամին տեղի ունեցավ մի սրտահույզ տեսարան: Օվսաննան չկարողացավ սառնարյուն բաժանվել այն տնից, ուր նա անց էր կացրել յուր մանկությունն ու պատանեկությունը և այժմ նոր-նոր սկսում էր յուր չափահասությունը: Հավաքելով և դասավորելով յուր հագուստեղենը սնդուկի մեջ, նա անդադար լալիս էր: Ամեն մի չնչին իր հիշեցնում էր նրան յուր անցկացրած ուրախ և տխուր օրերը: Նույն րոպեին, երբ նա արդեն պատրաստվել էր դուրս գնալու, Լիզոչկան և Էլեչկան փաթաթվեցին նրա պարանոցին և չէին ուզում բաժանվել նրանից: Բայց տիկին Բախտամյանը մոտեցավ և, խստությամբ բռնելով ձեռներից, հեռացրեց նրանց օրիորդից:
VIII
Վաղուց բժիշկ Սալամբեկյանը նկատում էր, որ Դիմաքսյանը չափից դուրս շատ է հետաքրքրված Գայանեի վիճակով: Նա զգում էր, որ յուր ընկերը սիրում է տիկնոջը և այդ սերը նոր չէ, բայց թե որքան նա զորեղ է — չգիտեր:
Բարաթյանների բաժանվելու լուրը առաջինը նա հաղորդեց Դիմաքսյանին: Որքան Գայանեի արածը սպասելի լիներ Դիմաքսյանի համար, այնուամենայնիվ լուրը խոր տպավորություն գործեց նրա վրա: Այնուհետև նա աշխատում էր ստեպ-ստեպ տեսնվել Սալամբեկյանի հետ: Բժիշկը ամեն օր այցելում էր օրիորդ Կարինյանին և Գայանեին, հանդիպում, բնական էր ուրեմն, որ միայն նա կարող էր ճիշտ տեղեկություններ տալ Դիմաքսյանին:
Մի օր նա ասաց, թե նախընթաց երեկոյան դայակը երեխաներին բերել էր Գայանեի մոտ: Բարաթյանը համաձայնվել է, որ շաբաթը մի կամ երկու անգամ մայրը տեսնվի յուր զավակների հետ: Բժիշկ Սալամբեկյանի ասելով, դա նրա կողմից մի ճարպիկ միջոց էր հասարակության աչքում բարեսիրտ ու ներողամիտ մարդ երևալու, նրա համակրանքին արժանանալու: Այսպես թե այնպես, Դիմաքսյանը փոքր-ինչ ուրախացավ Գայանեի համար, որ բոլորովին չէր զրկվում յուր երեխաներից: Այժմ նրա առաջին մտատանջությունը տիկնոջ վիճակն էր, և ամեն մի թեթևություն այդ վիճակի մեջ նրան մխիթարանք էր պատճառում: Ահա ինչու մի անգամ նա հարցրեց՝ արդյոք ի՞նչ են մտածում օրիորդ Կարինյանը և բժիշկ Սալամբեկյանը Գայանեի արածի մասին: Թե՛ մեկի և թե՛ մյուսի կարծիքը նշանակություն ուներ, որովհետև նրանց հարաբերությունից էր մասամբ կախված Գայանեի վիճակը: Իսկ Դիմաքսյանը գիտեր, որ շրջապատողների մի թեթև աններողամտությունն անգամ կարող է ճնշող ներգործություն ունենալ Գայանեի վրա:
— Իմ կարծիքով, — պատասխանեց Սալամբեկյանը նրա հարցին, — դա միակ ելքն էր, ուրիշը չկար նրա համար:
— Նույնիսկ եթե հասարակությունն էլ բամբասի՞:
— Հասարակությո՞ւնը… եթե նա հոգեբանական րեզոններ ընդունում է — չպիտի բամբասի մի այդպիսի կնոջ: Եթե չի ընդունում, կնշանակի նա բռնակալ է: Իսկ բռնակալին ներելի է դիմադրել:
Օրերը անցնում էին: Դիմաքսյանի անհանգստությունը քանի գնում ավելանում էր: Նա ցանկանում էր Գայանեի հետ գեթ մի անգամ տեսնվել, անձամբ իմանալ նրա դրությունը:
Բայց չէր վստահանում գնալ նրա մոտ, մի կողմից քաշվելով օրիորդ Կարինյանից և բժիշկ Սալամբեկյանից, մյուս կողմից՝ խնայելով Գայանեի անունը, որ առանց այն էլ բամբասանքի առարկա էր:
Վերջապես, առիթը մոտեցավ, դա Սալամբեկյանի ամուսնությունն էր Կարինյանի հետ: Երջանիկ բժիշկ, որքա՛ն նա ուրախ էր, գոնե Դիմաքսյանի աչքում, և ի՛նչ աշխույժ էր ստացել: Կարծես, դա այն ծույլ ու դանդաղ մարդը չէր, որ դեռ երկու տարի առաջ մեջքի վրա պառկում էր ամեն օր և կրկնում, «աշխարհը դատարկ բան է»: Արդյոք սերը չէ՞ր, որ այդ դատարկությունը լրացրեց նրա համար:
Բժիշկը վճռել էր, որ հարսանիքը համեստ լինի: Հրավիրված էին միայն նրա և օրիորդի ամենամոտիկ ազգականներն ու ծանոթները: Հարսանիքը մի տեսակ ընկերական խնջույքի էր նմանվում: Միայն այրի Բոլումբաշյանը չէր ուզում հաշտվել այդ անշքության հետ: Նա երեկույթի կառավարիչն էր, հանդիմանում էր օրիորդին, որ համաձայնվել էր բժշկի խորհրդով յուր հարուստ ազգականներին չհրավիրել: Բայց և այնպես նա աշխատում էր աշխույժ հյուրընկալ լինել: Նա հագնվել էր ինչպես մի վրաց իշխանուհի: Մետաքսյա լայն փեշերը հատակին քսհլով, մեջքից մի զույգ գույնզգույն երկայն ժապավեններ կապած, նա սահում էր սենյակից սենյակ ինչպես թևերը փռած սիրամարգ:
Հարսանիքի նախընթաց օրը օրիորդ Կարինյանը խնդրեց յուր փեսացվին անձամբ գնալ Մսերյանի մոտ և «թյուրիմացություններին» վերջ տալ: Բժիշկը անտրտունջ կատարեց նրա խնդիրը, մանավանդ որ ինքն էլ ուզում էր հաշտվել յուր ընկերոջ հետ:
Կարելի էր կարծել, թե իդեալիստը յուր ախոյանին կընդունի դժկամությամբ կամ չի ընդունիլ բոլորովին: Այնինչ հակառակը պատահեց: Նա քիչ մնաց հուզմունքից արտասվեր, երբ յուր լուսամուտի առջև տեսավ ընկերոջ կերպարանքը: Դա նրա բարի բնավորության խոշոր հակասություններից մեկն էր: Նա ընդունեց Սալամբեկյանին այնպես, որ, կարծես, ոչինչ չէր անցել նրանց մեջ, շնորհավորեց, բայց հրաժարվեց հարսանիքին ներկա լինելուց:
Բժիշկը չթախանձեց, չէր կարելի մի մարդուց ավելի վեհանձնություն պահանջել: Նա այնքան զգացվեք, որ չկարողացավ իրան զսպել, փաթաթվեց ընկերոջ պարանոցին և համբուրվեց նրա հետ:
Երբ այս սրտառուչ տեսարանի պատմությունը օրիորդ Կարինյանը լսեց, նրա աչքերը արտասուքով լցվեցին:
— Ես համոզված եմ, — ասաց նա, — որ Մսերյանը քո ամենա անկեղծ բարեկամներից մեկն է:
Մինչդեռ բոլոր հրավիրվածները արդեն եկել էին, Դիմաքսյանը Գայանեին փնտրում էր և չէր տեսնում: Մի՞թե նա ամաչում է երևալ հասարակության մեջ կամ գուցե հիվա՞նդ է: Դիմաքսյանը մոտեցավ օրիորդ Կարինյանին, որ երջանիկ ժպիտը երեսին պսակադրության զգեստով նստած էր պայծառ լուսավորված դահլիճի ծայրում:
Լսվեց դաշնամուրի ձայնը: Հյուրերը քաշվեցին դահլիճի պատերի տակ, պարողներին տեղ տալու համար:
Դիմաքսյանը, հարսնացվին շնորհավորելուց և նրա հետ մի փոքր խոսելուց հետո, հեռացավ հանդիսականներից, կանգնեց ոչ հեռու դեպի պատշգամբ նայող լուսամուտից: Նա նայում էր պարողներին և մտածում Գայանեի մասին: Հանկարծ վարագույրի հետևից նրա ականջին հասավ մի խոսակցություն, որի մեջ հիշվում էր նրա ազգանունը: Նա զգաց, որ իրան բամբասում են, հեռացավ լուսամուտից, մտավ հանդիսականների շարքը:
Մի ժամ անցած նա, առանձին կառք նստած, հետևում էր հարսանիքի հանդեսին դեպի եկեղեցի: Հոգեկան վատ տրամադրության մեջ նա չկամեցավ ոչ ոքի հետ ընկերանալ, որպեսզի ստիպված չլինի խոսակցել:
Տարօրինակ ու մռայլ տպավորություն գործվեց նրա վրա ներսից լուսավորված և դրսից խավար եկեղեցին: Երկնքի մթին հորիզոնի վրա նկարված էր նրա ութանկյունանի գմբեթը, ինչպես մի անշուք ներկայացուցիչ դարավոր հաստատության: Մի կոթող, որ վայրկենաբար հիշեցրեց նրան քրիստոնեական գաղափարների երկար դարերի թագավորությունը: Նեղ ու երկայնաձև պատուհանները իրանց աղոտ կաթնագույն լույսով նայում էին ինչպես թախծալի և խորհրդավոր աչքեր:
Նա ներս մտավ սիրտը լցված բանաստեղծական զգացումներով և պատկառանքով գլուխը խոնարհեցրեց վաղեմի սրբության առջև: Քարաշեն սյուների և պատերի մթին պաղությունը նրա սրտի մեջ տարածեց մի նոր ջերմություն: Յուր ազգի պատմությունը նկարվեց նրա հոգու մեջ, ինչպես երկար դարդերի մթության մեջ կորած մի ամբողջ կյանք: Վերակենդանացան նրա աչքի առջև այն բոլոր մարտիրոսները, որոնց տվայտանքով պահպանվել էր այդ կյանքը և հասել ներկա օրերին: Պատկերացավ մի տառապող ժողովրդի ներկան, որ ունեցել էր անցյալ և այդ անցյալը ապագային կտակելու համար յուր միջից տվել էր անձնազոհ նահատակների մի անվերջ շարք: Ազգի հետ մի հոգի, մի արյուն դարձած, նրանք դարեր շարունակ մաքառեցին քրիստոնեական լուսավոր գաղափարների համար:
«Ո՛չ, մրմնջացին Դիմաքսյանի շրթունքները, իմ կրծքի մեջ մեռած չէ նվիրական զգացումը և չի մեռնիլ հավիտյան: Ես հավատում եմ հավատի անհաղթելի ուժին, ես կմաքառեմ միայն այդ ուժին ապավինելով: Հեռո՛ւ ինձանից սպանիչ հուսահատություն: Ես ուզում եմ ապրել և գործել մի անբախտ ժողովրդի համար, ես նրա հարազատ զավակն եմ: Անմահ նահատակներ, ներշնչեցե՛ք ինձ ձեր համբերության և տոկունության հոգին, տվե՛ք ինձ մի չնչին մաս ձեր ուժից: ժամանակներն անցան, ձեր պաշտպանած ազգի պահանջներն այժմ փոխվել են, բայց ձեր նման անվեհեր զինվորների կարիքը կա և կմնա, քանի որ գոյություն ունե այս թշվառ ժողովուրդը…»:
Մինչ նա խորասուզված էր այս մտքերի մեջ, եկեղեցին հետզհետե լցվում էր հետաքրքիր ամբոխով: Պսակվողները չէին երևում բազմաթիվ գլուխների շարքում, որ երկու կենդանի պատեր էին կազմել եկեղեցու երկարությամբ: Լսվեցին երգիչ տիրացուների աններդաշնակ ձայները, ընդհանուր շշուկները և իրարանցումը սաստկացան: Մի րոպե ամեն ինչ լռեց, ամբոխը կուտվեց մի տեղ, շրջապատելով պսակվողներին:
«Որդի՛ , հնազա՞նդ ես մինչև մահ»:
Վայրկենաբար Դիմաքսյանի մտքերը կենտրոնացան պսակ կատարող քահանայի այս բառերի վրա:
«Ինչո՞ւ չէ, կհնազանդվի, բայց ոչ մոլորություններին և անառակություններին, այլ առաքինությանը: Կհնազանդվի փոխադարձ գաղափարական համակրությանը, ոչ խաբեբայությանը, ոչ անառակությանը... Միթե մեծ մարդասերը մարմնացած բողոք և վրեժխնդրություն չէ՞ր թույլերի, խաբվածների, ճնշվածների համար՝ զորավորների դեմ: Միթե նա կարո՞ղ էր ստրկություն քարոզել: Ո՛ չ, նբա սերն անհուն էր դեպի անհատի ազատությունը: Նա չասաց, թե օրենքները պետք է քարացնել և նրանց ամբողջ ծանրությամբ ճնշել մարդկանց հոգին…»:
«Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ, Գայանեն չէր կարող մինչև մահ հնազանդ լինել: Արձակեցնք նրա կաշկանդված ձեռները, թողեք նա ազատվի: Կամ դարձրեք նրա կողակցին նրա չափ մաքուր... ինչ որ պահանջում եք մեկից, պահանջեցեք և մյուսից...»:
Սա կանգնած էր խոնավ պատի տակ, քարաշեն սյունի ստվերում, հեռու հանդեսից, գլուխը մտքերի ծանրությունից կրծքին թեքած:
Ամբոխի միջից լսվում էին ծիծաղ, քրքիջ, սրախոսություններ: Խորհրդավոր հանդեսը, որ մարդկանց ճակատագիրն էր վճռում, նրանց համար արձակ զվարճության և ծաղրի առարկա էր դարձել:
Երբ հանդեսը վերջացավ, նա զգացված մոտեցավ, շնորհավորեց երջանիկ զույգին: Հետո դարձյալ առանձին կառք նստեց և մենակ վերադարձավ: Նա ներս մտավ Գայանեին հանդիպելու հույսով: Ահա նա, սպիտակ կրուժևաներով զարղարած ընկուզագույն մետաքսյա զգեստով: Յուր ընկերուհու սիրտը չկոտրելու համար նա ուրախ հագուստ է հագել: Նա մոտեցավ, գրկեց նորապսակ ընկերուհուն և արտասվեց:
Ամեն ինչ խառնվեց Դիմաքսյանի աչքում և դարձավ մի զույգ կապտագույն աչքեր: Նա մոտեցավ և սկսեց խոսել Գայանեի հետ: Հարկավ, այնքան անզգույշ չէր, որ ակնարկեր տիկնոջ ներկա վիճակը: Ինչո՞ւ, քանի որ խոսելու նյութ կար — Պյոտր Սոլոմոնիչի կտակած ուսումնարանը: Գայանեի դեմքը զվարթացավ: Նա ասաց, թե աշխատում է շուտով կատարել հանգուցյալի կտակը: Նա չգիտեր որտեղ հիմնել ուսումնարանը՝ Թիֆլիսո՞ւմ, թե՞ գավառական քաղաքում: Նա չասաց տատանման պատճառը: Հոգով ցանկանում էր հեռանալ որևէ մի խուլ անկյուն և այնտեղ հաստատվել, հեռու այն հասարակությունից, որ բամբասում էր նրան, հեռու և այն, որին կարող է երբեմն հանդիպել: Բայց զավակները կաշկանդում էին նրան:
Նրանք բավական երկար խոսեցին: Գայանեի միտքը շատ էր զբաղված ուսումնարանի գործով: Գգվանքով նա պատկերացնում էր յուր ապագա գործունեությունը: Որքան երախտապարտ էր նա հանգուցյալ ծերունուն և քանի քանի չքավորներ պետք է երախտապարտ լինեին նրան: Նա ասաց, թե գուշակում է, ինչպես երջանիկ պետք է լինի մի մարդ, որ մի որևէ օգուտ է բերում ուրիշներին: Դիմաքսյանը շտապեց ավելացնել, թե բուն երջանկությունը հենց այդ բանի մեջ է, միայն մարդ պետք է նախ ձեռք վերցնի անձնական երջանկությունից, մոռանա նույնիսկ յուր սրտին ամենամոտիկ արարածներին: Նա կամենում է իմանալ, արդյոք կարո՞ղ է Գայանեն առանց յուր զավակների ապրել, եթե նրանց խլեն նրանից:
Գայանեն, առանց մի խոսք ասելու, նայեց նրա երեսին երկմտաբար: Նա գուշակեց յուր խոսակցի միտքը: ճի՞շտ է արդյոք, կարելի է ուրիշների օգտի համար մոռանալ հարազատ զավակներին: Նրա սիրտը մորմոքվեց, երբ մի վայրկյան մտածեց, թե կարող է բոլորովին երես դարձնել նրանցից: Ո՛չ, այդ անկարելի է...
Պարերը վերջացան, հյուրերը հրավիրվեցին ընթրիքի: Գայանեն հեռացավ: Դահլիճը դատարկվեց Դիմաքսյանի համար:
Տուն վերադառնալով, նա աշխատեց մտաբերել Գայանեի բոլոր ասածները, բոլոր ձևերը և գտնել նրանց մեջ սիրո մի նշույլ: Նրան տիրեց մի նոր վհատություն: «Նա ինձ չէ սիրում, նա ինձ չէ կարող սիրել, կրկնում էր նա մտքում, նա միայն հարգում է ինձ...»:
IX
Սկզբում Բարաթյանը կարծում էր, թե Գայանեն կսթափվի և կվերադառնա: Բայց ժամանակն անցնում էր, և նրա, հույսը չէր արդարանում:
Մի օր նա կանչվեց Օվսաննային յուր մոտ և ամենասառն կերպով բացատրեց այն ծանր պայմանները, որոնցով շրջապատված է Գայանեն: Նա առաջարկում էր յուր կնոջը լավ մտածել, քանի ուշ չէ, քանի հասարակությունը դեռ կասկածում է նրանց բաժանվելու մասին: Իսկ երբ ամենքին հայտնի կլինի, այն ժամանակ ոչինչ չէ կարող օգնել, և Բարաթյանը ստիպված կլինի յուր անունը պաշտպանել:
Անփորձ Օվսաննան վախեցավ նրա սպառնալիքից, բայց քրոջից ընդունած հրահանգը ճշտությամբ կատարեց: Գայանեն երբեք չի վերադառնալ Բարաթյանի տունը: Նա այդ քայլը արել է երկար մտածելուց հետո: Բարաթյանը, տեսնելով, որ օրիորդն այդպիսի Ֆռանգով պաշտպանում է յուր քրոջը, համոզվեց, թե նրա միջոցով ոչինչ չի կարելի անել: Վերջապես, կային բաներ, որոնց մասին անկարելի էր խոսել օրիորդի հետ: Նա մի երկար նամակ գրեց Գայանեին, որից նա հենց նույն օրը պատասխան ստացավ:
«Եթե ձեր արածը — գրում էր Գայանեն ուրիշների արածների նման լիներ, կարելի է՝ համբերվեի: Բայց դուք գիտեք, թե ինչը ստիպեց ինձ հեռանալ ձեր տնից: Ինձ գիշեր-ցերեկ կտանջեր այն խեղճ մարդու ուրվականը» Նա ինձ համար երկրորդ հայր էր, դուք պետք է այս բանը հասկանայիք: Բայց ի՞նչ արեցիք, դուք սպանեցիք նրան, և այժմ ուզում եք մի մարդասպանի, իմ հայրասպանի հետ ապրե՞մ…»:
Հետո նա գրում էր երեխաների մասին: Ահա այն միակ կապը, որ մինչև այժմ նրան կաշկանդում էր: Բայց այդ կապն էլ չկարողացավ նրան պահել:
«Այժմ իմ վերջին խոսքն այս է, ես խնդրում եմ, աղաչում եմ, տվեք ինձ իմ երեխաներին: Չեմ ասում, թե դուք նրանց չեք սիրում և հեշտությամբ կարող եք նրանցից բաժանվել: Բայց, հասկացեք, նրանք իմ շունչն են, իմ կյանքը, մի՛ զրկեք ինձ նրանցից: Թողնում եմ ձեզ իմ հայրական կալվածը, իմ բոլոր ոսկեղենները, բոլորը, բոլորը, ինչ որ ունեի, բայց երեխաներին տվեք ինձ…»:
Դյուրին է ասել, «տվեք երեխաներին»: Եթե Բարաթյանը սիրող հայր չէ, մի՞թե այնքան անհեռատես մարդ է, որ չհասկանա, ինչ հետևանք կունենա երեխաներին իրենց մորը հանձնելը: Մի՞թե նա չգիտե, որ այդ կնշանակե՝ լուռ կերպով հրապարակորեն հանձն առնել հանցանքի ամբողջ ծանրությունը: Ոչ, այդ անկարելի է: Թող նրա խղճի առջև Գայանեն արդար լինի, թող նա զգա, որ ինքը տմարդաբար վարվեց նրա հետ, բայց հասարակության աչքում յուր վարկը պետք է պաշտպանի: Երեխաները պետք է մնան նրա մոտ, ինչպես նրա անմեղության գրավական մարդկանց աչքում:
Այսպես վճռելով, նա անպատասխան թողեց Գայանեի նամակը, աշխատելով մոռանալ ամեն ինչ և շարունակել յուր կյանքի սովորական ընթացքը: Որքան նա զգույշ լիներ, որքան աշխատեր թաքցնել յուր բուն պատկերը, վերջին ժամանակ հասարակությունը սկսել էր նրա վրա այլ կերպ նայել: Կային մարդիկ, որ նրա անունը արտասանում էին ատելությամբ, մինչև անգամ զզվանքով: Յուր ընկերների և բարեկամների շրջանում նա զգում էր մի տեսակ ճնշում և ամոթ: Եվ այդ ազդում էր նրա հասարակական գործունեության վրա: Նկատելի էր, որ նա այլևս առաջվա ինքնավստահությամբ չէ կարողանում խոսել Դումայի և դպրոցական հոգաբարձության նիստերում:
Следующая страница |